ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ 12:20-21)

«Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ 12:20-21)
22.03.2013 | 12:55

Պողոս առաքյալի խոսքերն են` ուղղված հռոմեացիներին: Ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը: Պարզ է, թե ինչու, որովհետև հռոմեացիների համայնքը նոր էր, և քրիստոնյաները բավական դժվարություններ ունեին հոգևոր և բարոյական կյանքի տեսակետից:

Եթե ուսումնասիրենք աշխարհի մարդկության անցած պատմությունը, կտեսնենք, որ բարու և չարի առեղծվածը միշտ էլ եղել է մարդկանց ու ժողովուրդների ուշադրության կենտրոնում: Իմաստասերներ, կրոնա-բարոյագետներ, աստվածաբաններ և գիտնականներ իրենց մեկնաբանություններն են կատարել այս հարցի վերաբերյալ:

Այնքան էլ հեշտ չէ այս պատգամը իրագործել մեր կյանքում: Իսկապես, քրիստոնեական ուժեղ ոգի է պետք, որ չարի դեմ բարիով կարողանաս հաղթանակ տանել: Նույնիսկ նշանավոր աղոթասացները, հավատով ուժեղները, սիրո առաքյալները և մեր սրբերը, որոնք իրենց կյանքը չզլացան զոհաբերել հանուն Քրիստոսի, շատ անգամ դժվարություններ են ունեցել այս պատգամն իրականություն դարձնելու: Բայց մի բան պարզ է ու հասկանալի. սա գործադրելու համար շատ կարևոր է մեր ամենօրյա անձանձրույթ աղոթքը, որը մեր հավատը պիտի զորացնի, որպեսզի մեր հույսը դնենք Աստծու վրա` Նրա կամքո՛վ պիտի լինի ամեն ինչ, առանց Նրա կամքի նույնիսկ ծառի մի տերև իսկ չի կարող շարժվել: Դրա համար էլ տերունական աղոթքի մեջ ասվում է` «Եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի», այսինքն` «Թող Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»:
Եկեք մի պահ անդրադառնանք Հիսուսի այս խոսքերին` «Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, և թե ծարավ, ջո՛ւր տուր նրան` այս անելով` կրակի կայծեր կկուտակես նրա գլխին: Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. 12:20-21), և հարցին մոտենանք հոգեբանական տեսանկյունից:
Իբրև մարդ, եթե մեր մեջ արթուն ու պատրաստ չէ քրիստոնյա մարդը, անկարելի է, որ կարողանանք իրագործել առաքյալի այս խոսքերը, այսինքն` վրեժ լուծելու, բռնելու և չարչարելու, տանջելու և նույնիսկ մահվան դատապարտելու փոխարեն, կերակրենք, սիրենք ու կարիքի դեպքում օգնենք մեր թշնամուն: Եթե սիրելու և օգնելու փոխարեն, հակառակն անենք, այսպես վարվելով մենք ցույց կտանք, որ մեր մեջ բացակայում են Աստծու սերն ու ներողամտության ոգին: Էլ չեմ խոսում վերջին խրատի մասին` «Թույլ մի տուր չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին», որով ըստ Առաքյալի` «այս անելով` կրակի կայծեր կկուտակես նրա, այսինքն` թշնամու գլխին»:
Եթե չարը չարիքով փոխադարձենք, ի՞նչ պիտի շահենք, ոչինչ, ոչ մի բան չենք կարող փոխել մեզ չարիք պատճառած անձի հոգեկան աշխարհում, այլ ընդհակառակը, մենք մեզ իջեցրած կլինենք չարագործի մակարդակին: Մեր Տերն ինքը օրինակ հանդիսացավ մեզ, խաչի վրա ներելով Իրեն չարչարողներին, տանջողներին և խաչ բարձրացնողներին։
Բարի մարդուց միայն բարիք կարելի է սպասել: Հիսուս ասում է` «Չկա բարի ծառ, որ չար պտուղ տա և դարձյալ` չկա չար ծառ, որ բարի պտուղ տա, որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում» (Ղուկ. 6:43-44): Մենք` հայերս, գեղեցիկ խոսք ունենք, երբ տեսնում ենք մի հավատավոր, խելոք, կրթված ու զարգացած երիտասարդի և գիտենք ծնողներին, ասում ենք` «Պտուղը ծառից հեռու չի ընկնում», այս ասելով` նկատի ենք ունենում, անշուշտ, երիտասարդի ծնողների կրթված ու շնորհքով լինելը։
Հասկանալի է և ընդունելի, որ իբրև թույլ մարդ շատ անգամ մեր հոգին` Աստծու տված պարգևը, պատրաստ է չարին բարությամբ հաղթելու, բայց մեր մարմինը թույլ է այն գործադրելու: Սակայն անկարելի բան չկա աշխարհում, եթե մարդն իր ամբողջ էությամբ ձգտի իրագործել այն: Մենք կարող ենք հաղթահարել մեր թուլությունները, վնասակար մոլությունները, անկարելի թվացող երևույթները, եթե գործադրենք Աստծու կամքը, որը մեր մեջ է, միայն հարկավոր է, որ ցանկանանք: Հեշտ է ասել` չեմ կարող, չի ստացվում, հնարավոր չէ, անկարելի է և այսպիսի թույլ ու Աստծու կամքին հակառակ արտահայտություններ: Հիսուս շարունակում է. «Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում, որովհետև սրտի ավելցուկից է, որ խոսում է նրա բերանը» (Ղուկ. 6:45):
Ֆրանսիական առածն ասում է` «Ես ինձ կարող եմ պաշտպանել իմ թշնամիներից, եթե Աստված էլ ինձ պաշտպանի իմ բարեկամներից»: Այս խոսքը կարելի է այսպես մեկնաբանել. «Ավելի նախընտրելի է թշնամու անկեղծ ապտակը, քան բարեկամի կեղծավոր համբույրը»: Ֆրանսիացիները շարունակում են` «Ավելի լա՛վ է ունենալ միայն մի բարեկամ, որն անկեղծ է, քան ունենալ բազմաթիվ բարեկամներ, որոնք սուտ ու կեղծավոր են»: Սա էլ կարելի է այսպես մեկնաբանել` «Նախընտրելի է թշնամու խոժոռ դեմքը, քան կեղծավոր բարեկամի սուտ ժպիտը»:
«Ինչպե՞ս կարելի է հաշտեցնել անմեղությունը խարդախության հետ, և բարությունը` չարության: Կարելի՞ է բարին համեմատել գործված չարիքի հետ»:
Այսպիսի հարցեր են ծագում յուրաքանչյուր մարդու մեջ, երբ ամեն րոպե առնչվում ենք կյանքի այնպիսի երևույթների, որոնք շատ անգամ մեծ չարիքներ են առաջացնում ոչ միայն պարզ մարդկանց, այլև ժողովուրդների կյանքում:
Ժողովրդական առածն ասում է` «Գլուխը ծակող քարը հաճախ չակնկալված կամ չսպասված տեղից է գալիս»:
«Թշնամու» դանակը խոցում, արյունոտում ու վիրավորում է, բայց չի մեռցնում, մի «բարեկամ»-ի կամ «բարեկամ» կարծվածի, որին վստահում ես, մթան մեջ մեջքից խփված դանակն է, որ քեզ մեռցնում է:
Մեր Տերն Իր վստահված սուտ բարեկամի խարդախության զոհը եղավ: Ինչպե՞ս:
ա) Հիսուս խաչվեց Հուդայի խարդախ ու կեղծ համբույրով։
բ) Հեթանոս հռոմեացիների մեխերով մեխվեց փայտի վրա և առաջին խաչելությունը անհամեմատորեն ավելի տառապանք տվեց Նրան, քան երկրորդ խաչելությունը Գողգոթա լեռան վրա: Առաջին խաչելության մեջ «Սիրո ու վստահության մատնությունը» կար` անորակելի հուսախաբություն սուտ և կարծեցյալ մի «բարեկամ»-ից, որը չկա՛ր երբեք երկրորդ խաչելության ժամանակ:
Այս աշխարհում չարերի ուժը և կարողությունը կկոտրվի ու անհետևանք կմնա, եթե բարիները չխաբե՛ն և չդավաճանե՛ն: Ա՛յս է առաջին պայմանը բարու հաղթության և չարի պարտության:
Ամեն մարդ, որ կյանքում ակնկալում է հեշտ ու հարթ ճանապարհ ունենալ, իզուր տեղն է չարչարվում, քանի որ այդպես չի կարող ապրել այս աշխարհում: Այդ դեպքում ավելի լավ է նա չծնված ուղղակի երկինք բարձրանա: Արդեն Հիսուս Իր աշակերտներին ասաց. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33):
Դժվարությունները, հուսախաբությունները ցավը, արցունքը, պայքարը, նեղությունները յուրաքանչյուր մարդու ամենօրյա կյանքի մաս են կազմում, դրանք այն փոսերն են, որոնք չեն թողնում, որ մարդը մեքենա քշելիս քնի և արկածի ենթարկվի: Մարդկանցից ոչ մեկը չի կարող այդ խոչընդոտները վերացնել, դա իր ուժերից վեր է, բայց կարող է պայքարել դրանց դեմ` համբերել, ներել, սիրել և նույնիսկ ընկնել-վեր կենալով շարունակել առաջ գնալ այդ ճանապարհներով: Նրանք, այդ պայքարից հաղթական են դուրս գալիս, բնականորեն շարժում են մյուսների նախանձը, որոնք անկարող են և կամ չեն ուզում պայքարել, ավելի հեշտ կյանքի ակնկալիք ունենալով: ՈՒ սկսվում է չարի հալածանքը և քարկոծումը, որպեսզի պայքարողը դադարեցնի իր գործունեությունն ու իր շնորհները ցույց չտա։
Քրիստոնեական եկեղեցական հայրերից սուրբ Օգոստինոսն ասում է` «Ամեն ձախորդություն հաջողության ճանապարհի վրա դրված մի անկյունաքար է»:
ՈՒշադի՛ր նայեք ձեր շուրջը` ստախոսները չեն սիրում ճշմարտախոսներին, ինչպես չարերը երբեք չեն սիրում բարիներին: Պատճառը շատ պարզ է. որ իրենց սուտը և սխալ ճանապարհի վրա լինելը չնկատվեն: ՈՒրեմն, զգույշ մնանք «քաղցր լեզվով օձ»-երից, որոնք շատ անգամ ոչխարների պես են մոտենում բարիներին, որ վնասեն նրանց: Այդպիսիները կեղծավոր և ներսից ուտողներ են, որոնք ավելի շատ են վնաս հասցնում, քան թշնամիները: Մեր պատմության ընթացքում քանի՜-քանի՜ այդպիսի անձեր ու դեպքեր մեր անմեղ ժողովրդի կոտորածի և մեր երկրի ավերման պատճառ դարձան: Բնության մեջ նույնիսկ, երբեմն նայում ես արտաքինից առողջ ու գեղեցիկ ծառն ընկնում է, փնտրում ես պատճառը և տեսնում, որ որդը ներսից կերել է այն` արտաքինից չերևացող որդը:
Պողոս առաքյալը չարի դեմ պայքարելու իր ձևն ուներ և մեզ էլ պատգամում է այդպես վարվել. «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին»: Նրա պայքարն այսպես էր և նա իր ներշնչումն ու ուժը ստանում էր Աստծուց: Չարին չարով պատասխանելը նշանակում է նորանոր խնդիրներ առաջացնել, պատերազմներ հրահրել, խռովությունները խորացնել, գժտություններն ամրացնել և այդպես շարունակ: «Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, և թե ծարավ, ջո՛ւր տուր նրան. այս անելով կրակի կայծեր կկուտակես նրա գլխին: Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին»: Ամեն:


Տեր Հովսեփ Ա. քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4658

Մեկնաբանություններ